«Ո՞նց են թողնում սենց մարդիկ երեխա ունենան». ՄԻԱՎ-ով ապրող հղիների դժվարությունները

wlhiv

Բժիշկները Լուսինեին խորհուրդ էին տվել հրաժարվել երեխայից, երբ հղիության ժամանակ նրա մոտ ՄԻԱՎ էր հայտնաբերվել:

«Ինչու՞ ծննդաբերեմ, եթե միևնույն է, պետք է մահանամ», – ինքն իրեն հարցնում էր Լուսինեն, որն արդեն մեկ երեխա ուներ: (անունը փոխված է նրա ցանկությամբ):

Կյանքը նրա համար ավարտված էր թվում` հիշելով իրենց երեք հարևաններին, որոնք 90-ականներին մահացել էին ՁԻԱՀ-ից:

ՄԻԱՎ-ով ապրող կանայք իրենց այդ վիճակի մասին հիմնականում իմանում են հղիության ժամանակ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ ունեցողները, որոնք չեն հրաժարվում ծննդաբերելուց, հետագայում այլևս երեխա չեն ունենում: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 2005թ.-ից, երբ Հայաստանում սկսել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում տրամադրել, 135 կին ծննդաբերել է 137 երեխա, և ընդամենը մեկ դեպքում է վարակը փոխանցվել երեխային: 2007թ. մինչև հիմա վարակի փոխանցման որևէ դեպք չի գրանցվել:

Եթե կանխարգելիչ բուժում ստանալու դեպքում վարակը չի փոխանցվում երեխային, ապա ի՞նչն է պատճառը, որ ՄԻԱՎ-ով ապրող կանայք խուսափում են հետագայում ևս երեխա ունենալուց:

Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող հղիներին սպասարկում է միայն մեկ ծննդատուն` Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, որի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խոսքով, ՄԻԱՎ-ով ապրող ծննդաբերողներն իրենց մոտ օգտվում են նույն պայմաններից, ինչ մյուսները:

«Երբ արդեն ծննդաբերությունը տեղի է ունեցել, նրանք վտանգ չեն ներկայացնում տվյալ հիվանդանոցի համար»,- ասում է Աբրահմյանը,- «Նրանք կարող են մնալ մյուս հղիների կամ ծննդաբերածների հետ, օգտվել բոլոր այն պայմաններից, ինչ ստեղծված է նրանց համար` ճաշասենյակից և մնացած անհրաժեշտ միջոցառումներից, ինչը որ նախատեսված է մյուս հղիների համար»:

Սակայն ոչ միշտ են նրանք մնում անվճար սենյակներում: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանին ՄԻԱՎ-ով ապրող հղիները պատմել են, որ ծննդաբերելուց հետո իրենց չեն տեղավորում ընդհանուր անվճար հիվանդասենյակում, այլ 5000, 8000 կամ 10 000 դրամով վճարովիում` պատճառաբանելով, որ իրենք վտանգ են ներկայացնում մյուս կանանց համար:

«Ունեցել ենք դեպքեր, երբ ՄԻԱՎ-ով ապրող հղի կանայք իրոք անվճարունակ են եղել, ուզել է ընդհանուր պալատում պառկել, իրեն թույլ չեն տվել: Ասում են` ի՞նչ կլինի մյուս հղիների վիճակը, եթե իմանան, որ իրենց հետ ՄԻԱՎ-ով վարակված կին կա պառկած»:

Նա ասում է, որ իրեն պատմել են դեպքեր, երբ բուժաշխատողները չեն պահպանում մարդու առողջական վիճակի գաղտնիությունը: «Բժշկական ծառայության մասին» ՀՀ օրենքով բժիշկները պարտավոր են պահպանել մարդու առողջական վիճակի մասին գաղտնիությունը:

«ՄԻԱՎ-ով ապրող կանայք երբեք չեն բարձրաձայնի իրենց կարգավիճակի մասին: Որտեղի՞ց պետք է մյուս կանայք իմանան»,- ասում է Ալեքսանյանը:

«ՄԻԱՎ-ով ապրող կանանցից երկուսը միաժամանակ էին ծննդաբերել: Ես ապշեցի, երբ մի հղին ինձ հարցրեց, մյուս հղիի մասին: Ասացի` բա դու որտեղի՞ց գիտես, ասաց` բուժաշխատողներն իմ սենյակում զրուցում էին, մեկն ասում էր` ես վախենում եմ սրանց երեխայից արյուն վերցնել: Ինքն էդտեղից գլխի է ընկել, որ իրա նման մեկը պառկած է», – պատմում է Ալեքսանյանը:

ՄԻԱՎ-ով ապրող մի կին պատմել է Ալեքսանյանին, որ երբ իրեն թմրեցրել են ու կարծել են թե քնած է, լսել է, որ մի բուժաշխատող մի ուրիշ բուժաշխատողի ասել է՝ դու երիտասարդ ես, գոնե դու բողոքի որ նման կանանց մեզ մոտ չբերեն:

Մեկ ուրիշը սոցիալական աշխատողին պատմել է, որ բուժաշխատողն ասել է`«չեմ հասկանում, թե ոնց են թույլ տալիս, որ սենց մարդիկ հղիանան, երեխա ունենան»:

«Պարզեցի, թե ով է եղել այդ բուժաշխատողը: Իրենք, բնականաբար, հերքեցին, որ էդպիսի բան է էղել»,- ասում է Ալեքսանյանը:

Ծննդատան տնօրենը հերքում է, որ երբևէ խախտվել է գաղտնիությունը պահելու պարտավորությունը. «Մենք չենք հրապարակում, որ այսինչ մարդը ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունի: Բնական է, եթե հրապարակես` չգիտես դիմացինի մտածելակերպը»,- պնդում է Աբրահամյանը` չհամաձայնելով նաև այն տեղեկությունների հետ, թե բուժաշխատողները վախենում են, որ վարակը կարող է իրենց անցնել. «Ինչպես կարող են բժիշկները վախենալ ծննդաբերությունն ընդունելուց, եթե ՄԻԱՎ ունեցող բոլոր կանայք`100%-ով ծննդալուծվել, գնացել են»:

Աբրահամյանը ասում է,  որ ՄԻԱՎ-ով ապրող ծննդկաններին տեղավորում են վճարովի հիվանդասենյակում, եթե նրա հարազատները մի քիչ անհարմար են զգում այդ հիվանդությունն ունենալու համար ու կամենում են, որ իրենց ծննդկանն առանձին հիվանդասենյակում լինի:

Մասնագետները Լուսինեին համոզել էին, որ չհրաժարվի երեխայից: Ծննդաբերելուց հետո իր բժիշկը կարգադրել էր նրան ընդհանուր հիվանդասենյակ տանել. «Մեկ այլ բժիշկ ասեց` ես հղի եմ ընդունելու, ես չեմ ուզում ինքը գնա էնտեղ, ինքը վիրուս ա»,- հիշում է Լուսինեն:

Լուսինեի երեխան ծնվել է առանց ՄԻԱՎ վարակի, սակայն երիտասարդ կինն այլևս չի ուզում երեխա ունենալ՝ ծննդատան վերաբերմունքի պատճառով:

Հովհաննես Իշխանյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *