ՄԻԱՎ-ով ապրող ՏՍՏ-ներն ու բժշկական ստուգումները

msmՀայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից քչերն են բացահայտում իրենց կարգավիճակը, այն դեռեւս տաբու է մեր հասարակությունում: Իսկ տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդկանց (ՏՍՏ) համար կրկնակի դժվար է խոսել իրենց սեռականության եւ առողջական խնդիրների մասին՝ նույնիսկ բժիշկների հետ:

«Առաջին համաճարակաբանը, որ իմացավ տղամարդու հետ եմ սեռահարաբերվում, նորմալ էլ վերաբերվում էր ինձ, իսկ երկրորդը զզվանքով էր շփվում հետս»,- Արշակը (անունը փոխված է) այն քչերից է, ով ոչ միայն բժիշկներին, այլեւ լրագրողին է պատմում իր սեռական վարքագծի մասին: Նրա մոտ անցած տարի է ՄԻԱՎ հայտնաբերվել եւ երիտասարդ տղամարդը բժշկից չի թաքցրել իր սեռական նախընտրությունները:

«Երբ գնում ես բժշկի մոտ, դու վստահ չես, թե նա ինչպես կվերաբերվի քեզ, եթե իրեն ասես, որ տղամարդու հետ ես սեռական հարաբերություններ ունենում: Բայց բժիշկը պետք է դա իմանա, որպեսզի կարողանա ճիշտ խորհուրդներ տալ քեզ»,- ասում է Արշակը:

Նրա խոսքերը հաստատում է բժիշկ-սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը. «Ես գիտեմ դեպքեր, երբ բժիշկը հրաժարվել է սպասարկել տղամարդ այցելուին, երբ պարզել է, որ նա սեռական հարաբերություն է ունենում տղամարդու հետ: Մի քանի դեպքերում անձամբ եմ զանգել բժիշկներին, խնդրել եմ, որ մի կողմ դնեն իրենց նախապաշարմունքները եւ բժշկական օգնություն ցույց տան այդ անձանց»:

Հովհաննիսյանը, սակայն, չի ցանկանում մեղադրել բժիշկներին, ասում է, որ ոչ բոլորն են հեշտությամբ հաղթահարում իրենց կարծրատիպերն ու նախապաշարմունքները: «Բժիշկն էլ մարդ է, իր մոտ գալիս է մի մարդ, որի մասին հասարակությունը միշտ բացասական է խոսել, բժիշկը նրա հետ աշխատելու համար պետք է հաղթահարի իր ներքին բարիերները, իսկ դա հեշտ չէ»:

Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը ՏՍՏ համայնքի ներկայացուցիչների հետ սկսել է աշխատել 2005 թվականից. «Շատ լավ եմ հիշում այդ օրը. ես չգիտեի՝ ինչպիսի մարդկանց էի հանդիպելու, իրենք ինչ հարցեր կարող են տալ: Հետո ես հասկացա, որ իրենք այն նույն հարցերն են տալիս, ինչ բոլորը: Բայց մեզ չեն սովորեցրել ոչինչ ՏՍՏ-ների մասին, այն տարիներին, երբ մենք սովորում էինք, ընդհանրապես չէր խոսվում այդ երեւույթի մասին»,- նշում է Հովհաննիսյանը:

ՏՍՏ-ներին հաճախ շփոթում են նույնասեռականների հետ. սակայն ոչ բոլոր ՏՍՏ-ներն են, որ ունեն հոմոսեքսուալ կողմնորոշում: Սեռական վարքագծի եւ կողմնորոշման տարբերություններն է բացատրում «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության հոգեբան Լիլիթ Ավետիսյանը. «Սեռական կողմնորոշումը մարդու սեռական գրավչությունն է, հոգեւոր-ռոմանտիկ զգացմունքները այլ անհատի նկատմամբ: Երբ անձը նման զգացմունքներ ունի նույն սեռի հանդեպ, նշանակում է նա ունի նույնասեռական կողմնորոշում: Սակայն անձը կարող է սեռական հարաբերություն ունենալ նույն սեռի ներկայացուցչի հետ՝ առանց որեւէ գրավչության կամ հոգեւոր զգացմունքների նրա նկատմամբ, այսինքն՝ սեռական կողմնորոշումը երբեմն չի համապատասխանում սեռական վարքագծին»:

Ավետիսյանի խոսքով՝ ոչ բոլոր ՏՍՏ-ներն են նույնասեռական կողմնորոշմամբ: «Հետերոսեքսուալ տղամարդիկ կարող են սեռական հարաբերություն ունենալ տղամարդկանց հետ, դա հաճախ է պատահում հատկապես փակ համակարգերում՝ քրեակատարողական հիմնարկներում, բանակում, երբ հակառակ սեռի ներկայացուցիչներն այդ տղամարդկանց համար հասանելի չեն»,- ասում է հոգեբանը:

«Հասարակությունը պետք է գիտակցի, որ ՏՍՏ-ներին արդյունավետ բժշկական օգնություն ցուցաբերելը բոլորիս շահերից է բխում, քանի որ տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդկանցից շատերը ամուսնացած են, ունեն զուգնըկերուհիներ: Սա փակ շղթա չէ, ուստի մենք պետք է կանխարգելենք վարակի տարածումը»,- ասում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության աշխատակից Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքերը հաստատում է բժշիկը՝ թղթի վրա մեկը մյուսի մեջ երեք շրջանակներ գծելով: «Առաջին փոքր շրջանակում ՏՍՏ-ներն են, սա փոքր համայնք է, երկրորդ շրջանակում փոխանցող խումբն է, իսկ երրորդ՝ ամենամեծում, մենք բոլորս ենք: ՏՍՏ-ները փակ համայնք չեն, կան փոխանցողների խումբ, որոնց միջոցով ՏՍՏ-ների սեռավարակները կարող են փոխանցվել մեզ բոլորիս»,- նշում է Հովհաննիսյանը:

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ Հայաստանում ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներից միայն 2.5%-ն է եղել հոմոսեքսուալ սեռական հարաբերության միջոցով: Այս տվյալը, սակայն, չի արտացոլում իրական պատկերը. «ՄԻԱՎ-ով ապրողներից շատերը թաքցնում են, որ հոմոսեքսուալ կապի միջոցով է իրենց փոխանցվել վարակը, այնպես որ մենք այսօր իրական վիճակագրություն այս առումով չունենք»,- ասում է Հովհաննես Մադոյանը:

Հովհաննես Մադոյանը կարեւորում է բժշկին սեռական վարքագծի մասին պատմելը. «Եթե բժիշկը տեղյակ է իր այցելուի սեռական վարքագծի մասին, նա հասկանում է առանձնահատկությունները եւ դրանցից ելնելով է իրականացնում խորհրդակցությունն ու բուժումը»:

Բժիշկ Հովհաննիսյանն էլ նշում է, որ իրենց այցելուներին սեռական վարքագծի վերաբերյալ հարցեր ուղղելը զուտ նրա համար է, որպեսզի հետագայում ճիշտ խորհրդակցություն տրվի եւ համապատասխան բուժում նշանակվի: «Բժշկի տված հարցերը կարող է տհաճ լինել այցելուի համար, բայց նա պետք է հասկանա, որ այդ հարցերը տրվում են իրեն ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»:

Այնուամենայնիվ, ՏՍՏ-ներից շատերը դեռ պատրաստ չեն բուժհիմնարկներում բացահայտել իրենց սեռական վարքագիծը կամ կողմնորոշումը, քանի որ մտավախություն ունեն, որ կարող են արժանանալ բացասական վերաբերմունքի:

Հասկանալու համար, թե ինչպիսի վերաբերմունքի կարող է արժանանալ ՏՍՏ-ն, եթե ՄԻԱՎ-ի հետազոտության դիմելիս բացահայտի իր սեռական վարքագիծը, այցելեցի ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոն: Նախնական խորհրդակցության ժամանակ խորհրդատուին ասացի, որ ցանկանում եմ հետազոտվել, քանի որ սեռական հարաբերություն եմ ունեցել տղամարդու հետ եւ կասկածներ ունեմ, որ ինձ մոտ կարող է ՄԻԱՎ հայտնաբերվել: Խորհրդատուի վերաբերմունքն իմ նկատմամբ չփոխվեց, նա նույնիսկ դեմքի արտահայտությամբ կամ ձայնի երանգով զգացնել չտվեց, որ իմ հայտնած տեղեկատվությունը զարմանալի կամ տհաճ է իր համար: Խորհրդատուն տեղյակ չէր, որ զրուցում է լրագրողի հետ:

ՏՍՏ-ները նման հանդուրժողական վերաբերմունքի, սակայն, ոչ բոլոր բժշկական հաստատություններում են արժանանում: Փորձագետները նշում են, որ բժիշկներն ու բուժշախատողները տարբեր մոտեցումներ ունեն տղամարդկանց հետ սեռահարաբերվող տղամարդկանց նկատմամբ՝ հանդուրժողականությունից մինչեւ զզվանք:

«Անկախ ամեն ինչից, բժիշկը պետք է հասկանա, որ իր համար կարեւորը մարդու առողջությունն է՝ անկախ նրա ազգային, կրոնական կամ սեռական կողմնորոշումից»,- շեշտում է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նյութը ներկայացված է կրճատումներով, աղբյուրը` Հրապարակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *