Սեռավարակներ

April 18, 2015

Սեռական ճանապարհոց փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) արդի առողջապահական, սոցիալական և հոգեբանական ամենալուրջ հարցերից են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՍՃՓՎ-ները դասում է հինգ առաջնահերթ, գերակայող առողջապահական խնդիրների շարքը կարևորելով մարդու սերնդարարման վրա դրանց բացասական ներգործությունը: ՍՃՓՎ-ների դրսևորումներն ու ախտանշանները բազմազան են, սակայն հիվանդացության աճին զուգահեռ ներկայումս ավելացել են նաև անախտանշան ընթացող դեպքերը, որոնք հավելյալ դժվարություններ են հարուցում այդ վարակների վարման խնդրում: Այսօր մի շարք երկրներում, այդ թվում նաև ԱՊՀ-ում, արձանագրվում է ՍՃՓՎ-ների տարածման աննախադեպ աճ: Հայաստանն էլ բացառություն չէ այդ հարցում: Չնայած մեր երկրում ՍՃՓՎ-ների տարածման միտումները, առաջին հայացքից, թվում են ոչ սպառնալի, այդուհանդերձ համաճարակաբանական իրավիճակը հարկ է համարել անբարենպաստ: Ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում ՍՃՓՎ-ներով ախտահարվելու վտանգին: Հարցը բարդանում է նաև այն հանգամանքով, որ ՍՃՓՎ-ները նպաստավոր պայմաններ են ստեղծում ՄԻԱՎ-ի տարածման համար. լորձաթաղանթներն ու մաշկը ախտահարող ՍՃՓՎ-ների առկայության դեպքում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը` անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ, տասնյակ անգամ մեծանում է: Այսօր հասարակությունը, առավել քան երբևէ, լրջորեն գիտակցում է ՍՃՓՎ-ների կանխարգելման անհրաժեշտությունը: ՍՃՓՎ-ներով հիվանդների, նրանց սեռական զուգընկերների հայտնաբերումը, խորհրդատվությունը և բուժումը, կարևորագույն քայլեր են արդյունավետ պայքարի կազմակերպման համար: Մանրէային, մակաբուծային և սնկային ՍՃՓՎ-ները կլինիկորեն և մանրէաբանորեն ենթակա են ապաքինման, իսկ վիրուսային ՍՃՓՎ-ների բուժման եղանակները դեռևս լիակատար չեն. դրանք պարզապես օգնում են միայն ախտանշանների անհետացմանը կամ մեղմացմանը: Հայաստանում հաճախ հանդիպող սեռական ճանապարհով փոխանցվող վարակներն են. սիֆիլիս, գոնոռեա, տրիքոմոնիազ, քլամիդիոզ, ՄԻԱՎ, սեռական հերպես, սեռական գորտնուկներ, հեպատիտ B և C, կանդիդոզ, ցայլքի ոջիլ, քոս:

Վերցված` «Սեռավարակների վարման ազգային ուղեցույցից»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *