«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով 2014» մրցանակաբաշխություն

agra-award

Ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հայաստանում սեռական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ, որոնք իրականացնում են տարաբնույթ հանրային և հասարակական միջոցառումներ և´ Երևանում, և´ մարզերում, դեռևս 2010-ին ստեղծել են «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբ»: Ակտիվ համագործակցության շնորհիվ խումբը համատեղ գործողություններ է իրականացնել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և իրավունքների ջատագովության համար, ինչպես նաև հանրային ուշադրությունը սևեռել սեռական առողջության խնդիրների վրա: Խմբի նախաձեռնողներն են «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպությունները:

wad1«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը» այս տարի ևս իրականացրեց մի շարք հանրային միջոցառումներ դեկտեմբերի 1-ին, իսկ երեկոյան իրականացրեց մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխության գաղափարն ի սկզբանե ստեղծվել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության կողմից: Հետագայում, երբ ձևավորվեց «ՁԻԱՀ-ի հետազոտության և ջատագովության խումբը», մրցանակաբաշխության արարողության պատասխանատվությունն փոխանցվեց արդեն խմբին:

Մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում չէ, սակայն ամեն անգամ յուրովի հետաքրքիր է դառնում իր անվանակարգերով, շնորհակալական խոսքերով ու միջոցառման ընթացքով։ Միջոցառումն առիթ է ոլորտում աշխատող մարդկանց ևս մեկ անգամ շնորհակալ լինելու, նրանց խրախուսելու, ոգևորելու, դրվատանքի խոսք ասելու, իրենց ամենօրյա նվիրված աշխատանքն ու ջանքերը գնահատելու համար:

Այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով են ճանաչվել.

  1. Լիանա Շախրամանյան (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն)- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար: Նրա բարեհամբույր և հոգատար վերաբերմունքը, նվիրվածությունը, բարեխիղճ աշխատանքը որպես բուժաշխատող շատ է գնահատվում և´ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և´ հասարակական կազմակերպությունների կողմից:
  2. Նարինե Կոստանյան («Առաքելություն Արևելք» ՄՕԿ հայաստանյան մասնաճյուղ)-ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարևոր ներդրում ունենալու համար: Տարիների աշխատանքը և ոլորտում ունեցած մեծ փորձը աննկատ չեն մնացել հասարակական ոլորտում:
  3. Հասմիկ Հարությունյան (ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար) – ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարևոր ներդրում ունենալու համար։ Նա կարևոր դեր է ունեցել  պետական ոլորտում ՄԻԱվ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագրի զարգացման և իրականացման համար:
  4. MediaLab.am լրատվամիջոց – ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերը ակտիվ լուսաբանելու, հանությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրելու և հանրային քննարկում ստեղծելու համար: Մեդիալաբն այն լրատվամիջոցներից է, որը հատկապես վերջին տարիներին բարձրաձայնել է թե՛ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման, թե՛ ՄԻԱՎ-ով ապրող անձանց խնդիրները, նաև անդրադարձ է կատարել ՄԻԱՎ-ով ապրող միգրանտների, կանանց պատմություններին և խնդիրներին։

wad2Պատվոգիր շնորհվեց նաև Դիջեյ Վակցինային (Արուսյակ Մկրտչյան) ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում իր կատարած աշխատանքի ու ներդրումների համար: Պատվոգիրը նրան հանձնեց ՄԱՁԻԱՀ Հայաստանի ներկայացուցիչ Լենա Նանուշյանը։ Դիջեյ Վակցինան տարիներ շարունակ նախաձեռնում, իրականացնում, մասնակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված տարբեր միջոցառումներին, բարձրաձայնում է խնդիրը տարբեր հասարակական զանգվածների համար, սեմինարներ է անցկացնում, հեռուստահաղորդումների է մասնակցում, փորձում է մշտապես այն հասանելի դարձնել տարբեր հարթակներում: Արուսյակ Վակցիանան նաև ՄԱՁԻԱՀ Հայաստանի բարի կամքի դեսպան է։

Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Մրցանակաբաշխությանը ներկա էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում աշխատող ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորների աշխատողներ, բժիկներ, իրավապաշտպաններ, լրագրողներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *